Thursday, April 5, 2012

«Իսլամական սկզբնաղբյուրներ» մատենաշար

Նպատակը և ուղղվածությունը

 “Իսլամական աղբյուրներ” մատենաշարի նպատակն է հայ ընթերցողին թարգմանաբար ներկայացնել իսլամական աշխարհի միջնադարյան և նոր շրջանի աչքի ընկնող մտածողների ու պատմագիրների երկերը: Թարգմանվելու են իսլամական կարևորագույն երեք լեզուներով` արաբերեն, պարսկերեն և թուրքերեն (այդ թվում` օսմաներեն) գրված աշխատություններ:

Մատենաշարում հրատարակելու համար թարգմանություն կարող են ներկայացնել Հայաստանի և արտերկրի բոլոր այն մասնագետները, ում գիտական հետաքրքրություններն առնչվում են իսլամական աշխարհի պատմության, կրոնի, մշակույթի, քաղաքականության և գրականության հետ: Թարգմանվելիք երկերը պատկանելու են հետևյալ ոլորտներին. պատմագրություն, աստվածաբանություն, կրոնական հոսանքներ և աղանդներ (firaq), միջնադարյան արձակ (adab), սուֆիականություն, միջնադարյան եղբայրությունների կանոնագրքեր (fotovvat-nāme), ինքնակենսագրություն և ժամանակակից քաղաքական ու կրոնական միտք:



Ձևաչափը

Մատենաշարը միտված է բավարարելու ոչ միայն լայն ընթերցողի հետաքրքրությունը, այլ նաև պատմաբանների, կրոնագետների, բանասերների, ինչպես նաև ուսանողների պահանջները, ուստի յուրաքանչյուր թարգմանություն պետք է օժտված լինի մանրամասն ներածությամբ, ուր կներկայացվեն հեղինակի կյանքը, նրա ապրած դարաշրջանը, երկի պատմական արժեքը և դրա դերը տվյալ շրջանի իսլամական գրականության համատեքստում: Տեքստում տեղ գտած յուրաքանչյուր անուն, տեղանուն և մասնագիտական եզր բացատրվելու են ծանոթագրություններում, իսկ հատորի վերջում տեղադրվելու է տվյալ հեղինակին ու երկին վերաբերող գրականության ցանկ: Միջնդարյան տեքստեր թարգմանելու դեպքում, նկատի առնելով դրանց երբեմն հատուկ բազմիմաստությունը ու դժվարընթեռնելիությունը, յուրաքանչյուր հատված, որ երկիմաստ է կամ անհասկանալի, պետք է մանրամասն քննարկվի ծանոթագրությունում, ուր վեր կհանվեն դրա թարգմանության հետ կապված դժվարությունները և կառաջարկվեն լուծման տարբերակներ:

Յուրաքանչյուր հատոր օժտված է լինելու անձնանունների, տեղանունների և հատուկ եզրերի մանրամասն ցանկով: Արաբերեն, թուրքերեն և պարսկերեն անունների հայերեն տառադարձման համար մշակվելու է հատուկ համակարգ, որին պետք է հետևեն հեղինակները` աշխատությունները հայերեն թարգմանելիս` տարաբնույթ ու ոչ հետևողական տառադարձումներից խուսափելու համար: Առավել ծավալուն` մի քանի հատորից բաղկացած աշխատությունները կարող են թարգմանվել մասամբ: Թարգմանիչն այս դեպքում կարող է ընտրել տվյալ գործի այն հատվածները կամ հատորը, որոնք առավել կարևոր են և հնարավորինս ամբողջական պատկերացում են տալիս երկի բովանդակության, ինչպես նաև դրանում արծարծված խնդիրների կամ նկարագրված պատմական ժամանակաշրջանի մասին:

Ստորև ներկայացնում եմ թարգմանվելիք երկերի ցուցակը, որը բաց է և ենթակա է լրացման. այն մասնագետներն ովքեր կցանկանան մատենաշարում հրատարակության համար ներկայացնել իրենց թարգմանությունը, կարող են առաջարկել իրենց նախընտրած գործը, եթե անգամ այն այստեղ ընդգրկված չէ:

Թարգմանվելիք երկերի մոտավոր պլան

 Պատմագրություն

Ibn Hishām. Sīra - Մուհամմադ մարգարեի կենսագրությունը
Balādhurī. Futūḥ al-buldān – Միջնադարյան պատմական աղբյուր, որ նկարագրում է իսլամական նվաճումները
Masʽūdī. Murūj al-dhahab – միջնադարյան պատմական աղբյուր

 Միջնադարյան արձակ (adab)

Ibn Muqaffaʽ. 1) Kalīla wa dimna, 2) Al-Adab al-kabīr
Jāḥīẓ. Kitāb al-ḥayawān
Ibn Qutayba. ʽUyūn al-akhbār Qisas al-Anbiyā’ (տարբեր հեղինակների) – Աստվածաշնչային մարգարեներին նվիրված պատմությունների ժողովածուներ

Կրոնական հոսանքների և աղանդների (firaq) նկարագրություն և հերքում

Al-Shahrastānī, Abū l-Fatḥ. Al-Milal wa-l-niḥal Nawbakhtī, Al-Ḥasan Ibn Mūsa. Firaq al-shīʽa

 Աստվածաբանություն-կրոն

Bāqillānī. Inṣāf – Աստվածաբանական երկ ʽAlī b. Abī Ṭālib (pseudo).
Nahj al-Balāgha – Շիական Առաջին իմամին վերագրվող ճառերի ու նամակների շողովածու Mānkdīm. Kitāb al-Uṣūl al-Khamsa – Աստվածաբանական երկ

 Սուֆիականություն

Qushayrī. Risāla – Սուֆիականության ձեռնարկ
Ruzbihān Baqlī al-Shirāzī. 1) ʽAbhar al-ʽāshiqīn 2) Kashf al-asrār -
Ghazzālī. Kimyā-ye saʽādat Shaʽrānī. Ṭabaqāt al-ṣūfiyya – Սուֆի սրբերի վարքագրություններ
Sulamī. Ṭabaqāt al-ṣūfiyya - Սուֆի սրբերի վարքագրություններ Միջնադարյան եղբայրությունների կանոնագրքեր (fotovvat-nāme)
Sohravardī. Fotovvat-nāme 

Ինքնակենսագրություններ

Ghazzālī
Ibn Sīnā
Ibn Khaldūn
ʽAbd al-Laṭīf al-Baghdādī

 Ժամանակակից կրոնա-քաղաքական միտք

Ḥasan al-Bannā’. Rasā’il
Sayyid Qutb. Maʽālim fī l-ṭarīq
Khomeynī. Velāyat-e faqīh
Fethullah Gülen, Milli Görüş

No comments:

Post a Comment

Այստեղ կարող եք թողնել ձեր լրացումներն ու առաջարկությունները

Followers