Tuesday, October 4, 2011

Ամեն «խ» չի, որ հայրենում «հ» յա, «Հոլանին» էլ (ցավոք) «Գոլանի» յա


Մի քանի դիտարկում՝ մերձավորարևելյան լեզուներով անունների ու եզրերի գրության մասին.

ա. Նախ՝ արտասահմաներեն ոչ բոլոր «խ»երն են, որ հայերենում պիտի տառադարձվեն «հ»։ Հասկանում եմ ռուսական ազդեցության տակ չընկնելու ձգտումը, բայց բոլոր դեպքերում չի, որ ռուսական մամուլում հնչած «խ»ն պիտի հայերենում «հ» դառնա... որովհետև արտասահմանյան որոշ լեզուներում «խ» հնչյունն էլ ախր կա։ Օրինակ՝ ամենայն պարսից հոգևոր առաջնորդ Խամենեին իր մայրենի պարսկերենում հենց այդպես էլ կոչվում է՝ «Խամենեի» (դե՝ Խոմեյնին էլ «Խոմեյնի»)։


բ. Նմանապես՝ ամեն «գ» չի որ «հ» է։ Օրինակ՝թեև «Հոլանի Բարձունքները» բավական քնքուշ ու գայթակղիչ է հնչում, բայց միևնույն է, պիտի մնա չոր ու ցամաք՝ «Գոլան»։ Քանզի ոչ միայն դեռ Աստվածաշնչում է այն «Գողան» (տես՝ Յեսու 20:8), բայց նաև այժմյան եբրայերենում էլ՝ «Գոլան» (արաբերենում էլ, «գ»ի բացակայության պատճառով՝ «Ջուլան»)։

գ. Անգլերեն ու ռուսերեն ամեն «k» ու «q» չէ, որ հայերենում «ք» պիտի դառնա։ (Պատկերացրեք՝ խեղճ Ակակի Ծերեթելիի վիճակը։)  Օրինակ՝ վերջերս իշխանությունը կորցրած (անգլերեն գրեմ) Muammar Qaddafi–ն (երբեմն գրվում է՝ Gaddafi, հետո կասեմ՝ ինչու) հայերեն տառադարձելու համար ամենանպատակահարմար տառը «կ»ն է, քանզի այն արտացոլում է արաբերենի ق (կաֆ) տառը, որը շատ նման է մեր «կ»ին (պարզապես մի քիչ խորն է արտասանվում)։ Իսկ «ք»ի համար արաբները ունեն առանձին տառ, որը արտասանվում է ճիշտ և ճիշտ մեր «ք»ի նման։ Այնպես որ՝ կորչի՛ «Քադդաֆին», կեցցե՛ «Կադդաֆին» (բայց, մեր մեջ ասած՝ նա էլ կորչի)։

Հիմա ասեմ, թե ինչու է անգլերենում երբեմն Գադդաֆի գրվում։ Բանը նրանում է, որ Լիբիայում գրական արաբերենի «կաֆ»ը արտասանվում է «գ»։ Ուստի՝ երբեմն նրա անունը գրում են այնպես, ինչպես այն հնչում է Լիբիայի խոսակցական արաբերենում, և ոչ թե գրականում։

Մեկ այլ օրինակ է այպես կոչված «ալ–Քաիդան» (կամ «Ալքաիդան»), որն իրականում «ալ–Կաիդա» է (կամ «Ալկաիդա»), քանզի այստեղ առկա է նույն՝ «կաֆ» տառն ու դրանով արտահայտած հնչյունը։

դ. Ամեն «t» կամ «т» չի, որ հայերենում «թ» է դառնում, քանզի, դարձյալ, ի տարբերություն անգլերենի, որոշ լեզուներում այս հնչյունը շատ նման է հենց հայերենի «տ»ին։ Օրինակ՝ ոչ թե «Քաթար», այլ «Կատար» (ի նկատի ունեմ արաբական այն փոքրիկ երկիրը)։ Նախ՝ որովհետև բառը պարունակում է մեզ քաջ ծանոթ «կաֆ»ը, հետո՝ որովհետև դրա վերջին տառն արաբերենում կարդացվում է հայերենի «տ»ին շատ նման («թ»ի համար արաբները դարձյալ ուրիշ տառ ունեն)։

Եւ այլն։

Ի դեպ, եթե արաբերեն, պարսկերեն, կան այլ մերձավորարևելյան լեզուների չեք տիրապետում, մի վհատվեք. եթե չգիտեք, թե տվյալ բառն ինչպես է հնչում իր բնագրով, մտեք Վիկիպեդիա ու որոնեք այն։ Իհարկե, այս կայքը ակադեմիական չէ, սակայն անունների հնչողությունն իմանալու համար շատ նպատակահարմար է, քանզի սովորաբար ոչ միայն տալիս է տվյալ անվան գրության ձևը բնագրով, այլև տրանսկրիպցիան, իսկ երբեմն էլ, ինչն ավելի լավ է՝ կենդանի հնչողությունը։

Հարգանոք՝

Մուշեղ ԱսաԹրյան

1 comment:

  1. Ի դեպ, մեկ հավելում վերևի ցուցակին։ Մամուլում հաճախ հանդիպում եմ "իսլամ" բառին՝ օգտագործված այդ կրոնի հետևորդներին պատնանշելու համար։ Դա այդքան էլ ճիշտ չէ։

    "Իսլամ"–ը կրոնի անվանումն է (ինչպես "քրիստոնեություն", "բուդդայականություն", ևն),

    "Մուսուլման"–ը կրոնի հետևորդի անվանումն է (ինչպես, օրինակ՝ "քրիստոնյա", "բուդդայական", ևն)։

    Այնպես որ՝ ոչ թե "իսլամ ծայրահեղականներ", այլ "մուսուլման ծայրահեղականներ"։

    ReplyDelete

Այստեղ կարող եք թողնել ձեր լրացումներն ու առաջարկությունները

Followers